Հայաստանի Հանրապետությունում շենքերի ոլորտն էներգիայի ամենամեծ սպառողներից է: Ըստ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի կողմից ներկայացված ջերմոցային գազերի (ՋԳ) կադաստրի 2010թ. Ազգային հաղորդագրության՝ առաջնային էներգետիկ ռեսուրսների շուրջ 28%-ը սպառվում է շենքերի կողմից (հիմնականում բնակելի հատվածում)՝ կազմելով ՋԳ ընդհանուր արտանետումների շուրջ 20%-ը: Երկարատև ջեռուցման սեզոնով և ձմեռվա -5°C միջին ջերմաստիճանով՝ շենքերում էներգիայի սպառումը հիմնականում կապված է  ջեռուցման հետ:

Փարիզյան համաձայնագրի (2015) ներքո Հայաստանի ազգային մակարդակով նախատեսված  հանձնառություններում շենքերի ոլորտը ճանաչվել է որպես կլիմայի փոփոխության մեղմման առաջնահերթ ուղղություն։ Շենքերից ՋԳ արտանետումները 2000-2010թթ․ աճել են հնգապատիկ՝ 2000թ․ 345 կտCO2-ից հասնելով 2010թ․ 1,723 կտCO2-ի։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում»  ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանում շենքերի էներգաարդյունավետ (ԷԱ) արդիականացմանն ուղղված ներդրումները, նվազեցնել դրանց ռիսկերը՝ խրախուսելու համար մասնավոր հատվածի ներդրումներն ու նվազեցնելու էներգետիկ աղքատությունը: 

Ծրագրի աջակցությամբ ձևավորվում է ԷԱ ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայր և ընդլայնվելու ընդունակ բիզնես մոդել, որը կնպաստի էներգիայի էական խնայողությանը և արդյունքում՝ ՋԳ արտանետում­ների կրճատմանը։ Ծրագիրը կխթանի նաև «կանաչ» աշխատատեղերի ստեղծումը, աղքատության կրճատումը և  մասնավոր ու հանրային հատվածի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը:

Ծրագիրը կառուցված է չորս բաղադրիչներից՝

(i) Շենքերի ոլորտում չափողականության, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքի կառավարում,

(ii) քաղաքականության ռիսկերի նվազեցում,

(iii) ֆինանսական ռիսկերի նվազեցում, և

(iv) ֆինանսական արտոնություններ:

Ծրագրի ակնկալվող արդյունքներ.

Բարելավված ԷԱ և ցածր էներգատարությամբ շենքերի շնորհիվ Ծրագիրը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատմանը: Երևանում ՄԱԶԾ-ԳԲՀ ծրագրի (2010-2016թթ․) փորձի և իրականացրած էներգետիկ աուդիտների արդյունքների համաձայն` շենքերում կարելի է հասնել մինչև 60% էներգիայի ծախսարդյունավետ կրճատման:

ԷԱ միջամտությունների արդյունքում, 20 տարվա ընթացքում, ՋԳ արտանետումների կրճատումը կկազմի՝ 1118 կտ CO2:

Ծրագիրը կընդգրկի հասարակական, բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև առանձնատները:

Ուղղակի շահառուների ընդհանուր քանակը կկազմի շուրջ 280,000 մարդ:

Ֆինանսավորող`

Կլիմայի կանաչ հիմնադրամ (ԿԿՀ)

Իրականացնող կազմակերպություն`

ՄԱԿ-ի Զար­գաց­ման ծրագիր (ՄԱԶԾ)

Տևողությունը`

9 տարի (2017-2026թթ.)

Ազգային համակարգող`

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Ծրագրի բյուջե`

ԿԿՀ` 20,000,000 ԱՄՆ դոլար

Համաֆինանսավո­րում` 9,820,000 ԱՄՆ դոլար

Նորություններ

Տեսանյութեր