2022 թվականի մարտի 9-ից 11-ը Երևանի Անի Գրանտ հյուրանոցում տեղի ունեցավ Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողովը։ Համաժողովը համատեղ կազմակերպել են «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ-ի ԵՏՀ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի հետ գործընկերությամբ:
Համաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետությանն ուղղվող ներդրումների ընդլայնման համար շուկայի այն հիմնական շարժիչ ուժերը, որոնք հանգեցնում են էներգետիկ աղքատության նվազեցմանը:
Բնակելի շենքերի հատվածում էներգաարդյունավետությանն ուղղվող ներդրումները խթանող քաղաքականության բարեփոխումների, ֆինանսական մեխանիզմների և համակարգային փոփոխությունների վերաբերյալ գիտելիքներն ու լավագույն փորձը փոխանակելու նպատակով՝ այս համաժողովը համախմբել էր աշխարհի տարբեր մասերի, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիս-Արևելյան և Արևլյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների առանցքային փորձագետներին:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլը և ԱՄՆ ՄԶԳ-ը բազմաբնակարան շենքերի վերանորոգման ուղղությամբ իրենց համագործակցությունը սկսել են ավելի քան 10 տարի առաջ: Առաջին նման ծրագիրը մեկնարկել է Հյուսիսային Մակեդոնիայում, այնուհետև այն իրականացվել է Հայաստանում և Բոսնիա և Հերցեգովինայում։ Վերջին տասնամյակում այս երեք երկրներում մենք վերանորոգել ենք մի շարք շենքեր՝ ցուցադրելու համար, որ դա կարելի է իրականցնել դեռևս թերզարգացած շուկաներում: Բազմաբնակարան շենքերի վերանորոգումն ընդլայնելու համար անհրաժեշտ է ապահովել մի շարք կարևոր դերակատարների և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ տների սեփականատերերի ասոցիացիաների, քաղաքապետարանների, ազգային կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, շինարարության շուկայում գործող տնտեսվարողների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների և էներգետիկ փորձագետների սերտ համագործակցությունը: Մենք կկարողանանք այս տարածաշրջանում էապես ընդլայնել բազմաբնակարան շենքերի վերանորոգումը միայն այն դեպքում, եթե մեր գործունեության կենտրոնում դնենք մարդկանց, բնակարանատերերին և համալիր տեխնիկական աջակցություն ցուցաբերենք:», - ասաց Հաբիթաթ ֆոր հյումենիթի ինթերնեշնլի փոխնախագահ՝ պարոն Ռիք Հեթուեյը:
«Էներգաարդյունավետությունը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և թեթևացնել տնային տնտեսությունների, քաղաքապետարանների և այլ կազմակերպությունների վրա էներգիայի բարձր և աճող գների բեռը: ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակն այն առաջամարտիկներից մեկն է, որը կառավարությանն աջակցում է էներգաարդյունավետությանն առնչվող ստանդարտների և կանոնակարգերի մշակման գործում:
Մասնավորապես, ՄԱԶԾ-ն շարունակաբար աջակցել է շենք-շինությունների և էներգետիկայի ոլորտին առնչվող օրենսդրության մշակմանը/թարմացմանը, ինչպես նաև համապատասխան շինարարական նորմերի և միջազգային ստանդարտների ընդունմանը, այդ թվում` Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքը, շենքերի ջերմային պաշտպանության նորմերը, շենքերի կլիմատոլոգիան, լուսավորությունը, էներգետիկ աուդիտի ազգային ստանդարտները, շենքերի էներգետիկ անձնագրերը և վկայագրերը, ինչպես նաև մի շարք եվրանորմեր (EuroNorm) և ISO ստանդարտներ:
Հարկ է նշել պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մեր համագործակցության մասին: Այս երկամյա համագործակցության ընթացքում, 14 համայնքներում արդեն արդիականացվել են ավելի քան 80 բնակելի և հասարակական շենքեր, որտեղ ավելի քան 2 անգամ բարելավվել է էներգաարդյունավետությունը և զգալիորեն նվազել են խոցելի բնակիչների կողմից վճարվող` կոմունալ ծառայությունների ծախսերը:
Համագործակցելով Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող` «Երևանի էներգաարդյունավետություն» ծրագրի հետ՝ ՄԱԶԾ-ն օժանդակել է շուրջ 50 մանկապարտեզներին և տեխնիկական աջակցություն է տրամադրել սեյսմիկ հետազոտությունների, էներգետիկ աուդիտի, նախագծերի ամբողջական մշակման և, այժմ նաև, դրանցից 11-ի շինարարության ընթացքում` որակի հսկողություն համար»,- ասաց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ` պարոն Կոնստանտին Սոկուլսկին:
ՄԱԿ-ի ԵՏՀ Կայուն էներգիայի բաժնի տարածաշրջանային խորհրդատու Օլեգ Ձյուբինսկին նշեց, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ն իր անդամ պետությունների հետ սերտորեն համագործակցում է շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս արդյունքին հասնելու ուղիներից մեկը` շենքերում էներգաարդյունավետության առաջադեմ ստանդարտներ մշակելու և ներդնելու, ինչպես նաև և ազգային և ենթազգային մակարդակներում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման համար` ազգային կառավարությունների, շինարարության ոլորտի մասնագետների, տների սեփականատերերի ասոցիացիաների և համապատասխան այլ շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացումն է: